https://www.e-girq.com/books/view_book/696
Պատմություն Հայոց
( Կիրակոս Գանձակեցի )
Ընդգրկում է IV դարից մինչև 1265–66 թթ-ի իրադարձությունները: Բաղկացած է «Առաջաբանից», որտեղ թվարկված են մատենագիրները՝ Ագաթանգեղոսից մինչև Վանական Վարդապետ, և 65 գլխից: Բաժանվում է 2 մասի: Առաջին մասում (մինչև 1197 թ.) համառոտ շարադրված է Հայ եկեղեցու պատմությունը, ինչպես նաև ներկայացված են առանձին քաղաքական, մշակութային իրադարձություններ, որոնց սկզբնաղբյուրը նախորդ օտար և հայ հեղինակների (Եվսեբիոս Կեսարացի, Սոկրատես Սքոլաստիկոս, Մովսես Կաղանկատվացի, Սամուել Անեցի, Վանական Վարդապետ և ուրիշներ) երկերն են, արձանագրությունները, եկեղեցական փաստաթղթերը, նամակները, բանավոր տեղեկությունները և այլն: Երկրորդ մասը մոնղոլների առաջին արշավանքների և Հայաստանում նրանց տիրապետության սկզբնական շրջանի մանրամասն պատմությունն է: Այստեղ Գանձակեցին՝ որպես դեպքերի ու իրադարձությունների ականատես պատմիչ, կարևոր տվյալներ է հաղորդում մոնղոլների՝ Այսրկովկաս ու Հայաստան կատարած արշավանքների, լեզվի, կենցաղի, բարքերի, հասարակական կառուցվածքի, Հուլավյանների պետության քաղաքական և տնտեսական պատմության, հայ իշխանավորների, Կիլիկիայի հայկական պետության ու մոնղոլների փոխհարաբերությունների մասին: «Հայոց պատմության» երկրորդ մասի նշանակությունը մեծ է նաև հիշյալ իրադարձությունների վերաբերյալ այլ աղբյուրների (իրանական, արաբական և այլն) արժանահավատությունն ստուգելու առումով:
Գիրքն էլեկտրոնային տարբերակով տրամադրել է ՝ Զանազան Գևորգյանը :